Կոյր Աշուղը | Gouyr Ashoughuh

Սեւ խաւարը իմ ընկերն է անբաժան
Ես չգիտեմ, ի՞նչ ասել է պայծառ օր,
Բայց այսօրուայ խաւարն է խոր, հոգեհան,
Դիակները փսփսում են ահաւոր
Եւ պատմում են իրենց ցաւերն անպատում,
Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

Հին դարերից ցաւեր շալկած յամրօրէն,
Հառաչելով անցաք արեան ծովերով,
Համբերութեան դասեր առիք լեռներէն…
Քնէ՛ք այժմ բոցով, ցաւով, վէրքերով,
Եւ պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

Այս իմ անճար քնարն ունի երեք լար.
Այն՝ ողբաձայն, լալկան, խղճուկ, դողդոջուն,–
Ինչպէ՞ս ողբամ ձեր ցաւերն անհամար,
Սրտեր վառեմ, արցունք քամեմ ես անհուն…
Դո՛ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

Տառապանքի, սուգ ու սեւի ինձ ընկեր
Մարդ չմնաց իմ արիւնոտ վաթանում,
Լուռ են շուրջս լեռներ, ձորեր, շիրիմներ,
Լոկ քամին է կողկողագին մրմնջում…
Դո՛ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստուած գուցէ դողայ երկնքում:

Ես էլ ցաւի դաշն կապեմ քամու հետ
Եւ արցունքի երգեր հիւսենք միասին,
Նա խաղում է ամպրոպների, շանթի հետ,
Նա յոյզ ու բոց կու տայ նաեւ մեր երգին:
Կոյր աշուղը, մրրկաշունչ խօլ քամին,
Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին:

Ոռնա՛, քամի, հազար ու մի ձայներով,
Թո՛ղ սարսռան լեռներ, ձորեր, անդունդներ.
Անցի՜ր մեկ-մեկ դիակների վրայով,
Լիզի՜ր վէրքեր ու հաւաքիր հառաչներ…
Կոյր աշուղը, մրրկաշունչ խօլ քամին,
Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին:

Ի՞նչ ես վազում աննպատակ դէպ՝ հեռուն,
Հառաչանքներ, խոր-խոր ցաւեր շալակած,
Վե՛ր սլացիր դէպի երկինքը անհուն,
Գտի՛ր գահը, ուր բազմած է մի Աստուած:
Թէ անզօր է սրբել արցունքն աշխարհում,
Գահ էլ պէտք չէ՛ եւ ոչ Աստուած երկնքում:

Փչիր վրան ահեղաշունչ որոտով,
Թող իր գահը դողայ այնտեղ եւ Աստուած,
Թող երկինքը մթնի իր վառ աստղերով,
Տիեզերքը դարձրո՛ քաոս, աւերած…
Թէ անզօր է այն Աստուածն աշխարհում,
Գահ էլ պէտք չէ եւ ո՛չ Աստուած երկնքում…

Զուր ես խառնում ծեր ալիքներն աշուղին,
Այնտեղ միայն հին օրերի խոհեր կան,
Դու խօմ գիտես լեզու, խօսք տալ ժայռերին,
Նրանց ասա՛, թող քեզ պատմեն, ի՜նչ տեսան…
Երբ անզօր է այն Աստուածն աշխարհում,
Գահ էլ պէտք չէ եւ ո՛չ Ասուած երկնքում…

Խօսի՛ր քնար … արար-աշխարհ թէ լռի,
Ցաւի, արեան, տաապանքի լուռ ծոցում,
Կոյր աշուղը հառաչանքի պարտք ունի
Թշուառութեան ու անէծքի վայրերում:
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

Երեք լար կայ, մեկը մեկից սգաւոր,
Մեկն արիւն, մեկն արցունք է քամում,
Եւ երրորդը — այն ամէնից թունաւոր,
Անէծք ունի իր թրթռուն խաղերում:
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

Սեւ բռնութեան, աւերածի զինուորներ,
Խոպան, աւեր, բոց փռեցիք ձեր ոտքով,
Բնակութիւն, շէն քաղաքներ ու տներ,
Անապատի վերածեցիք անվրդով:
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

Դիակների վիշտը լացի ու ցաւե՜ր…
Քանի՜ դարեր լոկ ողբ ու սուգ ենք ասում,
Այժմ անէ՛ծք դահիճներին մարդակեր,
Վրէ՜ժ միայն, լոկ վրէժ ենք պահանջում…
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդայ նախատինք:

Advertisements

What are you thinking? Ի՞նչ կը մտածեք:

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s